Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Աբու Դաբիում չկա զբոսնելու, այգում զրուցելու կամ «այգիներում շախմատ խաղացող պապիկների» մշակույթ

Աբու Դաբիում չկա զբոսնելու, այգում զրուցելու կամ «այգիներում շախմատ խաղացող պապիկների» մշակույթ
05.10.2012 | 12:13

Աբու Դաբիի այցելուներին գրավում են տասնյակ զբոսայգիները, պուրակները, հյուրանոցների շուրջը տարածվող կախովի այգիները: Ծանոթ լինելով քաղաքի աշխարհագրությանը, չոր կլիմային, նրանց զարմացնում է, թե ինչպես են կարողացել կարճ ժամանակահատվածում հասնել նման արդյունքի: Այստեղ ջերմաստիճանը, պաշտոնական տվյալներով, օգոստոսին կարող է հասնել 50 աստիճանի: Այժմ քաղաքը համարվում է աշխարհի ամենատաք կլիմա ունեցող քաղաքներից մեկը: Մինչդեռ 40 տարի առաջ այն կղզում, որի վրա փռված է քաղաքը, միայն ավազ էր, մարդիկ բնակվում էին արմավենիներից հյուսած վրաններում, զբաղվում ձկնորսությամբ, անասնապահությամբ, նույնիսկ չերազելով, որ մի օր իրենց քաղաքը կդառնա աշխարհի զբոսաշրջային շքեղ կենտրոններից մեկը: Նրանց կյանքը գլխիվայր փոխվեց շեյխ Զայեդ Ալ Նահյանի իշխանության գալուց հետո: Վերջինս հասկացավ, որ երկրի «սև ոսկին»` նավթը, կարելի է ծառայեցնել ի նպաստ երկրի տնտեսության զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման: Միլիոններ արժեցող ծրագրերի շարքում նա ներառեց նաև զբոսայգիների, պուրակների, կենդանաբանական այգիների հիմնադրումը: Առաջին զբոսայգիներն Աբու Դաբիում հիմնադրվել են դեռևս 70-ական թվականներին: Ամենահինը 1974-ին հիմնադրված Ալ Խալդիա փողոցի այգին է, որը զբաղեցնում է 28000 քմ տարածք և տարեկան ունի 120000 այցելու: Իսկ Խալիֆա փողոցում գտնվող Մայրաքաղաքային այգին (1976 թ.) զբաղեցնում է 40000 քմ տարածք և տարեկան ունենում է 108000 այցելու: 80-ական թթ. հիմնադրվել են Ալ Զաֆարան փողոցի այգին (տարածքը` 60000 քառ. մ, տարեկան 45000 այցելու), Ալ Քարիմա և Մհմդ. Բին Խալիֆա փողոցների հատման կետում գտնվող Կանանց այգին (տարեկան 158000 այցելու) և Շեյխ Հազայի մզկիթին հարակից այգին (տարածքը` 10500 քառ. մ, տարեկան 72000 այցելու): Սիրվածներից են Կորնիշ ալ Քարմ փողոցի զբոսայգին և Ալ Մաշրիֆ մանկական այգին: Աբու Դաբիում կան ցանկապատված և բաց զբոսայգիներ: Վերջիններս նախատեսված են հանրության լայն շրջանակների համար: Քաղաքի կանաչապատման խնդիրներով զբաղվում է քաղաքապետարանի պուրակների և հանգստյան գոտիների վարչությունը` Ռաշիդ Աբդուլլահ ալ Ֆալասիի ղեկավարությամբ: Աբու Դաբիի քաղաքապետարանն այսօր մեծ ուշադրություն է դարձնում քաղաքի համաչափ զարգացմանը: Դրանով են պայմանավորված 2012-ի մարտին ԱՄԷ-ում կայացած «32-րդ ծառատունկի շաբաթվա» շրջանակներում քաղաքի տարբեր բնակելի թաղամասերում շահագործված ևս 5 զբոսայգիներն ու պուրակները, որոնք ներառվել էին 2010-ին մեկնարկած «Բնակելի թաղամասերի զբոսայգիների պլանավորման ծրագրում»: Նորաբաց զբոսայգիների համար ծախսվել է 21 մլն դիրհամ (մոտ 2,323 մլրդ դրամ): Քաղաքում թե՛ հին, թե՛ նորաբաց զբոսայգիները հագեցած են սանհանգույցներով, շատրվաններով, կարուսելներով, ճաշելու համար նախատեսված գոտիներով: Ռաշիդ Աբդուլլահ ալ Ֆալասիի խոսքով` բնակելի թաղամասերի զբոսայգիները մտնում են Աբու Դաբիի քաղաքապետարանի կողմից իրականացվող գլխավոր նախագծերի մեջ և ուղղված են քաղաքի բնակելի թաղամասերի համար ապահովելու գեղեցիկ կանաչ միջավայր, որից կարող են օգտվել հասարակության բոլոր խավերը: Քաղաքապետարանը նաև վստահ է, որ պուրակները կգրավեն ոչ միայն տեղաբնակների, այլև զբոսաշրջիկների ուշադրությունը:
Ճիշտ է, պետությունը նմանատիպ նորամուծությունների վրա մեծ գումարներ է ծախսում, բայց քաղաքի բոլոր այցելուներն էլ կնկատեն, որ այստեղ զբոսայգու, պուրակի ընկալումը տարբեր է ընդունված պատկերացումներից: Այստեղ չկա զբոսնելու, այգում զրուցելու կամ «այգիներում շախմատ խաղացող պապիկների» մշակույթ: Հատկապես հանգստյան օրերին են բոլոր զբոսայգիները մարդաշատ, որտեղից այդ ամենի փոխարեն բարձրանում է խորովվող մսի ու նարգիլեի թանձր հոտը` միախառնված նոր ջրած բուսականության բույրին: Ինչևէ, մարդիկ վայելում են իրենց համար ստեղծված բարիքները, նույնիսկ չերևակայելով, թե տարեկան որքան գումար է ծախսում պետությունն այսպիսի կանաչ միջավայր ապահովելու համար: Քանի որ բուսականությունն այստեղ բնական չէ, ուստի պետք է մեծ խնամքով մշակել դրանք, որպեսզի օտար բնակլիմայական պայմաններում չչորանան: Այս պահին տեղին է անդրադառնալ Աբու Դաբիի ջրամատակարարմանը:
Քաղաքին մատակարարվում է զտման փուլ անցած ծովի ջուր, որը, բացի կենցաղային նպատակներից, կիրառվում է նաև բնապահպանական նպատակներով: Երբեմն մատակարարվում է նաև աղի ստորգետնյա ջուր, որով ջրվում են արմավենիները: Սակայն ստորգետնյա ջուրը հանելու, զտելու գործընթացը բավական ծախսատար է: Ի դեպ, ջրամատակարարումը ղեկավարվում է «Ջրի և էլեկտրականության ընկերության» կողմից: Ստորև ներկայացվում են ընկերության հրապարակած պաշտոնական թվերը: Նրանց հաշվարկով` քաղաքի յուրաքանչյուր բնակիչ ծախսում է օրական 550 լիտր ջուր (սրա մեջ մտնում է նաև ցանքատարածությունները ջրելու համար նախատեսված ջրի քանակը): Փարթամ բուսականությունը պահպանելու համար օրը 2 անգամ ջրում են կանաչապատ տարածքները: Քաղաքն այսօր ջրի լուրջ խնդիր ունի: Այդ պատճառով նույնիսկ Էմիրությունների պես հարուստ երկրի գիտնականները ջուրը խնայելով կանաչապատ տարածքների մշակումը արդյունավետ դարձնելու ելքեր են որոնում: Շարջայի համալսարանի պրոֆեսոր Ալի էլ Քեբլավին 100 տեսակի տեղական բույս է առաջարկում, որոնք դիմանում են բարձր ջերմաստիճանին, և դրանց մշակման համար շատ ջուր չի պահանջվում: Նա նշում է նաև մի կարևոր փաստ. ներմուծված բուսականությունն աճեցնելու համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ թունաքիմիկատներ: Վերջիններիս գործածությունն աղտոտում է շրջակա միջավայրը, վտանգավոր է մարդկանց առողջության համար: Նրա դիտարկումներն արժանացել են դրական արձագանքների: Պրոֆեսորը հույս ունի, որ դրանց գործնականում ընթացք կտրվի:
Եթե նման ծախսերը կարող են անհանգստացնել նույնիսկ Արաբական Միացյալ Էմիրություններին, ապա փոքր հնարավորությունների տեր երկրները, բնականաբար, պետք է ավելի զուսպ լինեն շռայլություններ թույլ տալիս:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր սեփական թղթակից

Դիտվել է՝ 3491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ